Մայիս 21, 2012

Էդվարդ Նալբանդյանը բացատրել է, թե ինչո՞ւ Հայաստանի նախագահը որոշեց չմեկնել Չիկագո

 

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ՆԱՏՕ-ի Չիկագոյի համաժողովի հռչակագրի Հարավային Կովկասում եւ Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից, Էդվարդ Նալբանդյանն այս մասին ասել է` Չիկագոյի հայ համայնքի հետ հանդիպմանը:

«Այդ ձեւակերպումը, չնայած ՆԱՏՕ-ի Լիսաբոնի համաժողովի հռչակագրի համեմատությամբ որոշակի փոփոխության, հակասում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային միջնորդական մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին եւ որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում՝ հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա: Հաշվի առնելով այս մտահոգությունը` ՀՀնախագահը որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը», - ասել է նախարարը: