Երեւանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ուղղությունները

 
Մարտ 02, 2016
 
 

ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի Պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով փետրվարի 29-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր գտնվում ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը:

Պատվիրակությունը գլխավորում էր Հյուսիսատլանտյան Դաշինքի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:

ՀՀ պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և ՆԱՏՕ-ի պատվիրակության միջև կայացած եռօրյա քննարկումները նվիրված էին Պլանավորման և Վերանայման Գործընթացի 2014-2015թթ. փաստաթղթով սահմանված գործընկերության նպատակների կատարման վերստուգմանը, առաջիկա երկու տարիների համար գործընկերության նոր նպատակների համաձայնեցմանը:

Մարտի 2-ին Ջոնաթան Փերիշին և իր գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվեցին պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները, մասնավորապես` գործընկերության նպատակների կատարման ընթացքը:

ՀՀ պաշտպանության նախարարը արժևորեց պաշտպանական գերատեսչության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը ծառայեցվում է ինչպես միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի հանձնառությունների կատարմանը, այնպես էլ Հայաստանում պաշտպանական վերափոխումների իրականացմանը: 

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի շարունակական մասնակցությունը:


 վերադառնալ