ՀՀ-ՆԱՏՕ գործակցությունը զարգանում է առանց ցնցումների

 
Հունիս 11, 2015
 
 

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն այսօր ասել է, որ Հայաստանի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զարգանում է «կայուն կերպով, առանց ցնցումների եւ հետընթացի»:

Այս մասին Սամվել Մկրտչյանն ասել է Երեւանում կայացած «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն նոր մարտահրավերների համատեքստում» գիտաժողովում: 

Նա ասել է, որ Հայաստանը շարունակելու է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Հայաստանը հանդես է գալիս սեփական նախաձեռնություններով: 

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունն ընթանում է ամենաբարձր մակարդակով, ինչի վկայությունն է նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի՝ 2014թ. սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթաժողովին:

Սամվել Մկրտչյանը կարեւորել է նաեւ Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը, ինչպես նաեւ բարեվարքության ամրապնդման, քաղաքացիական անվտանգության, գիտության ասպարեզներում համագործակցությունը: 

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հայկական կողմի որոշ նախաձեռնություններն ընթացք չեն ստանում: Որպես օրինակ նա նշել է ՆԱՏՕ-ի «Վստահության հիմնադրամ» ծրագիրը, որի նպատակն է ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացումը, ինչպես նաեւ Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելը, ինչը, Սամվել Մկրտչյանի գնահատմամբ, խիստ կարեւոր բաղադրիչ է:


 վերադառնալ