ՆԱՏՕ-ում Հայաստանի նախկին դեսպանն ուսանողներին պատմել է Հյուսիսատլանտյան դաշինքի մասին
Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության նախկին ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանն այսօր Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ:
Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրի ավարտական կուրսի ուսանողների համար՝ վերջիններիս դասավանդվող «Միջազգային կազմակերպություններ» առարկայի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ Սամվել Մկրտչյանը պատմել է ուսանողներին Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, այդ թվում՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի, Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող խաղաղապահ առաքելություններին մասնակցության մասին, պատասխանել ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին ուսանողներին բաժանվել է այս տարի հուլիսին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակված «Հայաստան-ՆԱՏՕ՝ նորագույն պատմություն» գիրքը: