Հայաստանը շարունակելու է համադրել համագործակցությունը  ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ

Հայաստանը շարունակելու է համադրել համագործակցությունը ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ 

Մարտ 20, 2014

Հայաստանը շարունակելու է համադրել համագործակցությունը ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ

 

Հայաստանը, հանդիսանալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, շարունակելու է գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ` հանդես է գալով «համագործակցությունների համադրման դիրքերից»:

Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ելույթ ունենալով միջազգային համաժողովում:

«Լինելով ՀԱՊԿ առանցքային անդամներից մեկը, մենք շարունակում ենք գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ հստակ նախանշված օրակարգով: Մենք գտնում ենք, որ այստեղ կա համադրման ներուժ եւ դրանով պետք է առաջ շարժվել: Համագործակցությունների հակադրումը կարող է միայն բացասական հետեւանքների բերել»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքերով, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ունի  զարգացման եւ ամրապնդման հեռանկարներ, ինչի մասին վկայում են ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության 2014-2015 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները:

Արթուր Բաղդասարյանն առանձնակի կարեւորել է կիբերանվտանգության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում նախատեսված ծրագրերը:

ԱԱԽ քարտուղարը կարեւորել է նաեւ Հայաստանի Զինված ուժերի ակտիվ ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին:

«Հայաստանը տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերին աջակցող երկիր է: Մենք հատկապես կարեւորում ենք մեր Զինված ուժերի մասնակցությունը Աֆղանստանում ISAF առաքելությանը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: