Հոկտեմբեր 17, 2013

Վաղը Երեւանում կհավաքվեն ՆԱՏՕ-ի տեղեկատվական եւ ռեսուրսային կենտրոնների ղեկավարները

 

 Հոկտեմբերի 18-ից 19-ը Երեւանում կկայանա Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղազախստանում գործող ՆԱՏՕ-ի տեղեկատվական եւ ռեսուրսային կենտրոնների ղեկավարների հանդիպումը:

Հանդիպման կազմակերպիչներն են Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը եւ ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչությունը: Հանդիպման նպատակն է փորձի փոխանակումը եւ հանրային դիվանագիտության նոր գործիքների քննարկումը:

Հոկտեմբերի 18-ին կենտրոնների ղեկավարները կհանդիպեն Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի, իսկ հոկտեմբերի 19-ին` Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը կմասնակցեն Թբիլիսիում ՆԱՏՕ-ի եւ ԵՄ տեղեկատվական կենտրոնի տնօրեն եւ փոխտնօրեն Ելենա Գոցաձեն եւ Գեորգի Կեպուլաձեն, Ալմաթիյում ՆԱՏՕ-ի ռեսուրսային եւ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Կուրալայ Բայզակովան, Քիշնեւում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական եւ փաստաթղթավորման կենտրոնի տնօրեն Նիկոլաե Վասկաուտանը, Վոլգոգրադի Միջազգային անվտանգության տեղեկատվական կենտրոնի ղեկավար Իգոր Չեռնովը, Դոնեցկի Միջազգային անվտանգության կենտրոնի տնօրեն Վալերի Կռավչենկոն:

Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Հարավային կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահուն եւ ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչության աշխատակից Դեսպինա Աֆենտուլին:

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը հիմնադրվել է 2006 թվականին «Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոն» ՀԿ-ի կողմից: Կենտրոնի գործունեությունը աջակցում են ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության վարչությունը եւ ՀՀ կառավարությունը: