Ապրիլ 19, 2013

Հայաստան ու Լիտվան կհամագործակցեն կիբեր անվտանգության ոլորտում

 

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի՝ Լիտվա կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել կիբեր եւ էներգետիկ անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության մասին:

Սեյրան Օհանյանի եւ Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ համագործակցության զարգացումը ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության, փորձագիտական խորհրդատվության ոլորտներում:

Երկուստեք կարեւորվել են բազմակողմ ձեւաչափով համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես` բազմազգ միջազգային գործողություններին երկու երկրների զինված ուժերի մասնակցությունը, համագործակցությունը ԵՄ եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Լիտվայի Սեյմ, որտեղ կայացել են նրա հանդիպումները Սեյմի փոխնախագահի, ազգային անվտանգության եւ պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի հետ:

Այսօր Լիտվայի արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են  հայ-լիտվական հարաբերություններին վերաբերվող հարցերի լայն շրջանակ, ԵՄ Արեւելյան գործընկերության եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության զարգացման ընթացքն ու հեռանկարները: