Հունիս 23, 2008

Երեւանում մեկնարկեց “ՆԱՏՕ-ի շաբաթը”

 

Հունիսի 23-ին Երեւանում մեկնարկեց “ՆԱՏՕ-ի շաբաթը”, որը կանցկացվի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում:

“ՆԱՏՕ-ի շաբաթի” բացումը ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ազդարարեցին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, կենտրոնի տնօրեն Արա Թադեւոսյանը եւ Հայկական ատլանտյան ասոցիացիայի /ՀԱԱ/ գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:

Գեղամ Ղարիբջանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում “ՆԱՏՕ-ի շաբաթը” հանդիսանում է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության շրջանակներում 2008-ի ամենակարեւոր միջոցառումներից մեկը:

Փոխնախարարը նշեց, որ հունիսի 24-25-ին Երեւանում տեղի կունենա ԱԳՆ ու ՆԱՏՕ-ի համատեղ կազմակերպած համաժողովը` նվիրված կիբեր-ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին:

“Համաժողովի անցկացումը հատուկ կարեւորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ ՆԱՏՕ-ի համար, քանի որ Բուխարեստում ՆԱՏՕ-ի ապրիլյան գագաթաժողովի ընթացքում շեշտվում էր կիբեր-հանցավորության դեմ պայքարի կարեւորությունը, եւ գագաթաժողովից հետո այդ թեմայով առաջին միջազգային համաժողովը անց է կացվում հենց Հայաստանում”,- ասաց Գեղամ Ղարիբջանյանը:

Արա Թադեւոսյանը ներկայացրեց է այն միջոցառումները, որոնք ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը կիրականացնի “ՆԱՏՕ-ի շաբաթվա” ընթացքում: Հունիսի 23-ին կենտրոնում տեղի ունեցավ ամերիկացի քաղաքագետ, ԱՄՆ պետքարտւղարի նախկին փոխօգնական Ռոնալդ Ասմուսի “Բացելով ՆԱՏՕ-ի դռները” գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը: Հունիսի 24-ին կենտրոնը կազմակերպում է հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ժան-Ֆրանսուա Բյուրոյի հանդիպումը Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ու միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ:

Հունիսի 27-ին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը կանցկացնի “Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ” գրքի շնորհանդեսը, որը հրատարակվել է հայերեն ու անգլերեն լեզուներով, կներկայացնի իր վեբ-կայքը ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային տեղեկատվության կառավարման կենտրոնի հետ կստորագրի համագործակցության հուշագիր:

Հունիսի 25-ին ու 26-ին, ժամը 22:30-ին, ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում կցուցադրվի ամերիկյան բանակի մասին պատմող “Բանակը հզոր է” վավերագրական ֆիլմը, որի հեղինակներն են ճանաչված լրագրող Ավետ Դեմուրյանը եւ օպերատոր Հովհաննես Հակոբյանը:

ՀԱԱ գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը տեղեկացրեց, որ ասոցիացիայի մասնագետները հունիսի 24-ին ու 25-ին Վանաձոր, Գավառ ու Կապան քաղաքաներում կանցկացնեն “ՆԱՏՕ-ի մասին ուսուցողական երթ”: Հունիսի 27-ին ՀԱԱ-ն կանցկացնի ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման 5 սցենարենրի հանրային քննարկում: