ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումը Կոսովոյից դուրս է բերվել ժամանակավորապես եւ պատրաստ է շարունակել իր խաղաղապահ առաքելությունը

 
Փետրվար 08, 2012
 
 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Մեդիամաքս-ին ասել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում:

Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նախարարը պարզաբանել է այսօրվա ասուլիսում իր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի խաղաղապահ ստորաբաժանումը ժամանակավորապես դուրս է բերվել Կոսովոյից:

Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ հայ խաղաղապահները Կոսովոյում ծառայում էին հունական հրամանատարության ներքո, իսկ հունական կողմը, ֆինանսական պատճառներից ելնելով, դադարեցրել է իր մասնակցությունը KFOR գործողությանը:

Նախարարն ասել է, որ Կոսովոյին դուրս բերված հայկական ստորաբաժանումը ներկայումս գտնվում է Երեւանում, սակայն եթե եվրոպական երկրներից որեւէ մեկը առաջարկի նույն պայմանները, որոնք գործում էին հունական հրամանատարության ժամանակ, Հայաստանը պատրաստ է շարունակել խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում: Խոսքը հիմնականում գնում է թիկունքային ապահովման ծախսերի մասին:

Նախարարն ասել է, որ Հայաստանը նման նախնական առաջարկ է ստացել Հունգարիայից, որը ներկայումս գտնվում է քննարկման փուլում:

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին, Սեյրան Օհանյանը բացառել է, որ Կոսովոյից դուրս բերված ստորաբաժանումը համալրի Աֆղանստանում հայկական կոնտինգենտի շարքերը:

Այսօրվա ասուլիսում նախարարը հիշեցրել էր, որ 2011թ. Հայաստանը եռապատկել էր Աֆղանստանում ծառայող իր զինվորների քանակը::


 վերադառնալ