Փետրվար 09, 2012

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կժամանի Երեւան

 

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը երկուշաբթի կժամանի Երեւան:

Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնից, Ջեյմս Ապատուրայի վերջին այցը Հայաստան տեղի էր ունեցել 2011-ի հունիսին: Այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ջեյմս Ապատուրայը նշել էր, որ դաշինքի գլխավոր քարտուղարը հանձնարարել է իրեն խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը:

2011-ի նոյեմբերին Ջեյմս Ապատուրայը մասնակցել էր Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում ուսանողների հետ կազմակերպված տեսակոնֆերանսին: Նա հիշեցրել էր, որ ՆԱՏՕ-ն չունի որեւէ դերակատարություն ԼՂ կարգավորման գործում եւ լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Ջեյմս Ապատուրայն ասել էր, որ «բոլորը մեծ սպասելիքներ ունեին 2011 ամռանը Կազանում կայացած հանդիպումից, սակայն դրա արդյունքները հիասթափեցնող էին»:

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը հստակ չէր պատասխանել այն հարցին, արդյոք կարո՞ղ է դաշինքը հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրինակին` Ադրբեջանին կոչ անելով ետ կանչել դիպուկահարներին շփման գծից: «Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ին իրավասու է խորհուրդներ տալ հակամարտության կողմերին այն կամ այն հարցի շուրջ», - նշել էր Ջեյմս Ապատուրայը: