Փետրվար 28, 2012

Երեւան կժամանեն ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները

 

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչներն այսօր երեկոյան կժամանեն Երեւան` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության գնահատման նպատակով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնում, Հայաստան կժամանեն ՆԱՏՕ-ի զորային պլանավորման վարչության պետ Ֆրենկ Բոլանդն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզը:

Վաղը նրանք հանդիպումներ կանցկացնեն ՀՀ ԱԳՆ-ում եւ պաշտպանության նախարարություններում, որոնց ընթացքում կքննարկեն ՆԱՏՕ-ի հետ ՀՀ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի արդյունքները:

Մեդիամաքս-ը նշում է, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյաների այցին զուգահեռ Երեւանում անցկացվում են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի /ԱԱՀՈՒ/ «Փոխազդեցություն 2012» համատեղ զորավարժությունների անցկացման շտաբային բանակցությունները: