Փետրվար 29, 2012

ՆԱՏՕ-ն պատրաստ է ընդլայնել խորհրդատվական եւ փորձագիտական աջակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանը

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական, դեսպան Հուսեյն Դիրիոզի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության այցը փոխկապակցված է ՆԱՏՕ-ի կառույցների համատեղ խմբի Հայաստան կատարած այցի հետ, որը Պաշտպանության նախարարության համապատասխան անձնակազմի հետ իրականացնում է Հայաստան–ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի եւ Պլանավորման եւ վերանայման գործընթացի իրականացման առաջընթացի գնահատում:

Սեյրան Օհանյանը եւ Հուսեյն Դիրիոզն անդրադարձել են ՆԱՏՕ-ի հետ պաշտպանության նախարարության համագործակցության հիմնական ուղղություններին, որոնցից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը, փոխգործունակ կարողությունների կատարելագործումը, պաշտպանական պլանավորման եւ բյուջետավորման ոլորտի բարեփոխումները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությունը:

Կողմերն արձանագրել են պաշտպանական բարեփոխումների եւ ռազմական համագործակցության հիմնական ոլորտներում ՀՀ պաշտպանության նախարարության առաջընթացը, նշվել են առաջիկա տարիներին Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության գերակա ուղղությունները:

Հուսեյն Դիրիոզը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` պաշտպանության ոլորտում Հայաստանին տրամադրվող խորհրդատվական եւ փորձագիտական աջակցության հետագա ընդլայնման վերաբերյալ: