Մարտ 07, 2012

Հայաստանն ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի բոլոր բնագավառներում, ասել է ՀՀ նախագահը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգյսյանն այսօր Բրյուսելում ասել է, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում:

ՀՀ նախագահն այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ունեցած հանդիպումից հետո:

«Արդյունավետ է ընթանում բարեփոխումների գործընթացը պաշտպանության, անվտանգության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում, որոնք Հայաստանում լայն թափ ստացած ներքին բարեփոխումների բաղկացուցիչ մասն են կազմում:

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագիրը շարունակում է մնալ մեր գործընկերային հարաբերությունների անկյունաքարը: Անցյալ տարվա նոյեմբերին մենք հաստատել ենք այդ ծրագրի երրորդ փուլի մեր անելիքները եւ ձեռնամուխ եղել նրա նպատակների իրականացմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքներն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերի շնորհիվ: Այդ իսկ նպատակով, մենք անցյալ տարվա ամռանը եռապատկեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը», - ասել է ՀՀ նախագահը: