Մայիս 02, 2012

Հայաստանը ներկայացված կլինի հակահրթիռային պաշտպանության միջազգային կոնֆերանսին

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը կներկայացնի Հայաստանը մայիսի 3-ից 4-ը Մոսկվայում կայանալիք հակահրթիռային պաշտպանության միջազգային կոնֆերանսին` «Հակահրթիռային պաշտպանության գործոնը անվտանգության նոր տարածության ձեւավորման մեջ» խորագրով:

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովն այսօր ասել է, որ միջազգային կոնֆերանսը «կարեւոր փուլ է հանդիսանալու Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի երկխոսության մեջ»: «Հակահրթիռային պաշտպանության թեմայով բանակցությունները շարունակվում են, եւ փորձագիտական գնահատականները կարող են օգտակար լինել կողմերին` փոխընդունելի լուծումներ գտնելու համար», - ասել է նա «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

Անատոլի Անտոնովն ասել է, որ կոնֆերանսին մասնակցելու հրավերներ են ուղարկվել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներին, դաշինքին չանդամակցող եվրոպական երկրներին, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի ներկայացուցիչներին: