Մայիս 21, 2012

ՆԱՏՕ-ն կոչ է արել հարգել առկա բանակցային ձեւաչափերը

 

Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ն Չիկագոյի գագաթնաժողովի հռչակագրում կոչ է արել քաղաքական կամք դրսեւորել ձգձգված հակամարտությունների կարգավորման համար:

«Ձգձգված տարածաշրջանային հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասում եւ Մոլդովայում շարունակում է մեծ մտահոգության առարկա մնալ դաշինքի համար: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին լինել կառուցողական եւ ցուցաբերել քաղաքական կամք հակամարտությունները խաղաղ կերպով կարգավորելու համար` հարգելով առկա բանակցային ձեւաչափերը:

Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել քայլերից, որոնք ունակ են վտանգել տարածաշրջանային անվտանգությունը եւ կայունությունը: Մենք շարունակում ենք սատարել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը:

Մենք կշարունակենք սատարել այս տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը` միջազգային իրավունքի եւ նորմերի այդ սկզբունքների, ՄԱԿ-ի Կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա»,- ասված է հռչակագրում: