Մայիս 21, 2012

Մեկնարկել է ISAF- ում հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը

 

Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայաստանցի հրահանգիչների հերթափոխի գործընթացը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հայ հրահանգիչները մայիսի 21-ից մինչեւ հուլիս Գերմանիայի Զինված ուժերի ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիսին կմեկնեն փոխարինելու այս տարվա հունվարից Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ հրահանգիչներին:

Օպերատիվ հրահանգչական եւ փոխգործողության խմբի առաջադրանքն է պատրաստել Աֆղանստանի ազգային բանակի սպաներին:

Այս ծրագիրն իրականացվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում, որի նպատակն է պատրաստել երկրի անվտանգության ապահովման առաքելության փոխանցմանը ՆԱՏՕ-ի ուժերից Աֆղանստանի իշխանություններին: