Հունիս 25, 2012

ՀՀ արտաքին եւ պաշտպանության նախարարի տեղակալները հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

 

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ու ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 22-ին Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել էր ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը` ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցի քննարկման համար: Հանդիպումը նախագահում էր Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Հանդիպմանը Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ փաստաթղթով սահմանված Հայաստանի պաշտպանական եւ անվտանգության համակարգերում կատարվող բարեփոխումները: Անդրադարձ եղավ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին, մասնավորապես՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը եւ առաջիկայում Կոսովո հայ խաղաղապահների վերատեղակայմանը, ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ռազմական համագործակցության ծրագրերին ու միջոցառումներին:

Աշոտ Հովակիմյանն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձավ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ հատկապես Ադրբեջանի կողմից հունիսին Հայաստանի սահմանների վրա, ինչպես նաեւ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած սադրանքներին ու զինադադարի խախտումներին:

Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում երախտագիտություն հայտնեցին ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության համար, դրական գնահատական տվեցին պաշտպանական, ինչպես նաեւ քաղաքական բարեփոխումներին: