Դեկտեմբեր 11, 2018

ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի լուսաբանման ծավալը օնլայն մեդիայում նոյեմբերին

 

Մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Հայաստանի հետ կապերի համատեքստում:

Նոյեմբեր ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, առցանց լրատվական կայքերը ՀԱՊԿ-ին 5 անգամ ավելի շատ են անդրադարձել, քան ՆԱՏՕ-ին:


MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Նոյեմբեր ամսվա ընթացքում MaxMonitor համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 5736 հոդվածներ ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ բանալի-բառերով, որոնցից վերլուծության են ենթարկվել 2009-ը:Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:



Հիմնական տեղեկատվական առիթները

ՀԱՊԿ

Նոյեմբերի սկզբին Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Վալերի Սեմերիկովը:

Հայտնի դարձավ, որ այդ պաշտոնին հավակնում է Բելառուսի ներկայացուցիչը: ԱԳ փոխնախարարը լրագրողներին ասաց, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը դեռեւս որևէ կերպ կարգավորված չէ: ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում պետք է շարունակի իր նախագահությունը:

Հրապարակումներ եղան այն մասին, թե իբր հայկական կողմը առաջարկել է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը, որը չի ընդունվել՝ հաշվի առնելով տարիներ առաջ նրա աստիճանազրկումը:

Նիկոլ Փաշինյանը Աստանայում մասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց, որ գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կկայացվի հաջորդ ամիս:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման թեման Բելառուսի նախագահը քննարկեց Ադրբեջանի դեսպանի հետ: Նիկոլ Փաշինյանն այս առիթով հայտարարեց, որ բացատրություններ է պահանջելու Բելառուսի նախագահից:

Հայտնի դարձավ նաեւ, որ Մինսկը Բաքվին զինտեխնիկայի նոր խմբաքանակ կվաճառի: Փաշինյանը դատապարտեց այդ գործարքը եւ նշեց, որ ՀԱՊԿ անդամ-երկրների փոխադարձ պարտավորությունները հստակեցնելու խնդիր կա:

ՆԱՏՕ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանեց Կոսովո, որտեղ հայ խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի առաքելությանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացվեց Հայաստանի գեղատեսիլ վայրերը պատկերող նկարազարդ գրքույկ։

Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունները համագործակցության ծրագրեր ստորագրեցին, քննարկեցին ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հեռանկարները։

MaxMonitor համակարգը Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: