Հուլիս 31, 2018

ՀՀ զինծառայողները կմասնակցեն «Վեհանձն գործընկեր» զորավարժությանը

 

Հայաստանի զինված ուժերի 4 սպաներից բաղկացած խումբը օգոստոսի 1-15-ը կմասնակցի Վրաստանում կայանալիք «Վեհանձն գործընկեր – 2018» (Noble Partner - 2018) զորավարժությանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում նշել են, որ ՀՀ ԶՈՒ սպաները կզբաղեցնեն տարբեր շտաբային պաշտոններ զորավարժության շտաբում: Ընտրվել են միջազգային խաղաղության եւ կայունության առաքելություններում ՀՀ ստորաբաժանումների կողմից կատարվող խնդիրներին առնչվող պաշտոններ:

Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրները շտաբային սպաներով կամ ստորաբաժանումներով:

Զորավարժությանը ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությունը պայմանավորված է Վրաստանի պաշտպանության նախարարության հրավերով:

2017թ. նույն զորավարժությանը ՀՀ զինված ուժերից մասնակցել է 40-հոգանոց անձնակազմ ունեցող դաշտային հոսպիտալը:

«2018թ. ԱՄՆ աջակցությամբ ձեռքբերված եւ պատրաստվող դաշտային հոսպիտալի մասնակցությունը «Վեհանձն գործընկեր – 2018» զորավարժությանը հնարավոր չէ, քանի որ հոսպիտալը հուլիսի 22-ից 27-ը Հայաստանում ներգրավված է եղել միջազգային գնահատման զորավարժություններում, եւ մի քանի օրերի ընթացքում դրա վերատեղակայումը այլ վայրը հնարավոր չէ:

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցության ձեւաչափը եւ մասնակցության պայմանները համաձայնեցվել են վրացի գործընկերների հետ հունիսի սկզբին տեղի ունեցած զորավարժության պլանավորման համաժողովի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: