Ռոուզ Գոթեմյոլեր. Մենք երբեք ոչինչ չենք թելադրում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերի հարցազրույցը Մեդիամաքսին
- Տիկին Գոթեմյոլեր, հայ պաշտոնյաները հաճախ ասում են՝ «մենք չենք կարող խոստանալ այն, ինչ չենք կարող անել, սակայն մենք միշտ անում ենք այն, ինչ խոստացել ենք»: Այս բանաձեւը կիրառելի՞ է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համար:
- Իհարկե: Դրա վառ օրինակն է տարիներ շարունակ Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Մենք դիտարկում ենք Հայաստանը որպես շատ հուսալի գործընկեր եւ գնահատում այն աշխատանքը, որը ձեր երկիրը տարիներ շարունակ կատարում է այդ առաքելությունների շրջանակում:
- Հայաստանը միակ ՀԱՊԿ անդամ պետությունն է, որն ունի բավականին խորացված կապեր ՆԱՏՕ-ի հետ եւ իր մասնակցությունն է բերում դաշինքի առաքելություններին: Այնուամենայնիվ, մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելը ենթադրում է որոշակի սահմանափակումներ: Արդյո՞ք նկատել եք դրանք Հայաստանի հետ հարաբերվելիս:
- Մենք երբեք ոչինչ չենք թելադրում: Թեւ կցանկանայինք աշխատել Հայաստանի հետ նաեւ այլ ոլորտներում, սակայն եթե Հայաստանը պատրաստ չէ կամ նպատակահարմար չի գտնում, ապա մենք երբեք ոչինչ չենք թելադրում:
Հայաստանը պետք է ինքնուրույն առանձնացնի իր առաջնահերթությունները, նպատակներն ու անելիքները, ինչից հետո մենք կաշխատենք Երեւանի հետ, որպեսզի ամբողջացնենք այն, ինչ մենք անվանում ենք Գործողությունների ծրագիր:
Այժմ մենք գործարկում ենք Անհատական գործընկերության գործողություների նոր ծրագիր Հայաստանի համար: ՆԱՏՕ-ն միշտ ասում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է կառուցի իր հարաբերությունները անվտանգության ոլորտում: Մենք որեւէ հակասություն չենք տեսնում Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մեջ:
- Չնայած ՀԱՊԿ-ին անդամակցելուն, Հայաստանը կիրառում է պաշտպանական ոլորտում բարեփոխումների արեւմտյան փորձը: Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ Զինված ուժերում բարեփոխումների գործընթացը:
- Մինչ այս պահը ամեն ինչ շատ լավ է ընթացել: Այսօր ռազմական կրթության եւ ուսուցման շուրջ շատ հետաքրքիր քննարկում ունեցա Հայաստանի պաշտպանության նախարարի հետ: Շատ կարեւոր քայլեր են ձեռնարկվել ռազմականան կրթության ճկունությունն ապահովելու ուղղությամբ:
Կարծում եմ, որ Հայաստանի տնտեսության համար շատ լավ կլինի, եթե մարդիկ բանակից զորացրվեն ավելի կրթված եւ պատրաստված:
Այժմ Հայաստանը անցում է կատարում դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, ուստի շատ կարեւոր է մտածել խորհրդարանի կողմից զինված ուժերի վերահսկման տարբեր ուղիների մասին: ՆԱՏՕ-ի անդամ-երկրները մեծ փորձ ունեն այդ հարցում, եւ մենք կարող ենք կիսվել դրանով Հայաստանի հետ: Մենք սպասում ենք ազդակների Հայաստանից՝ դաշինքից ձեր երկրի ակնկալիքների վերաբերյալ:
- Ինչպես նշեցիք, Հայաստանը անցում է կատարում կիսանախագահականից դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, եւ գործընթացը ավարտվելու է հաջորդ տարվա ապրիլին: ՆԱՏՕ-ն հետեւու՞մ է այդ գործընթացին:
- Այո,մենք հետաքրքրությամբ հետեւում ենք այդ գործընթացին: Հայաստանն ինքն է որոշում, թե ինչպիսի կառավարման համակարգ պետք ունենան, սակայն այդ բարեփոխումները ենթադրում են իրավական դաշտի փոփոխություններ, որոնք, ի թիվս այլ հարցերի, վերաբերում են նաեւ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությանը: Այժմ Հայաստանը կունենա խորհրդարանական վերահսկողություն բանակի նկատմամբ:
Սրանք նոր զարգացումներ են Հայաստանի համար, եւ մենք պատրաստ ենք խորհրդատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես են ՆԱՏՕ-ի անդամ երկրները լուծել այդ խնդիրները:
Ռոուզ Գոթեմյոլերի հետ զրուցել է Թագուհի Հովհաննիսյանը