Սեպտեմբեր 22, 2017

Թիլերսոնը շնորհակալ է Հայաստանին

 

Միացյալ Նահանգները շնորհակալ են Հայաստանին տարածաշրջանային անվտանգությանը եւ միջազգային խաղաղապահ գործողություններին նվիրման համար:

Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ ընդունված հայտարարության մեջ:

«Մենք բարձր ենք գնահատում այն առաջընթացը, որը ձեր երկիրը գրանցել է անկախության հռչակումից ի վեր եւ հպարտ ենք համատեղ աշխատանքի համար: Մենք հավատարիմ ենք Հայաստանում ժողովրդավարության, ուժեղ եւ թափանցիկ տնտեսության առաջխաղացմանը: Շնորհակալ ենք տարածաշրջանային անվտանգությանը եւ միջազգային խաղաղապահ գործողություններին ձեր նվիրման համար: Մենք մեծապես գնահատում ենք ավելի խաղաղ աշխարհի կառուցմանն ուղղված այդ ջանքերը», - ասել է Ռեքս Թիլերսոնը:

Հայաստանի Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանին նոր սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:

Մենք ձգտում ենք ընդլայնել երկուստեք շահավետ առեւտրային եւ ներդրումային կապերը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին եւ ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես, այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը»,- ասված է Թրամփի ուղերձում:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Սերժ Սարգսյանն Երեւանում ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը:

Նախագահն ընդգծել է, որ անկախությունից ի վեր անցած 26 տարիների ընթացքում Հայաստանը զգալի ձեռքբերումների է հասել տարբեր ոլորտներում, որը հնարավոր է եղել նաեւ Միացյալ Նահանգների աջակցության շնորհիվ: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին Հայաստանի անկախ պետականության ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված այդ օժանդակության, ինչպես նաեւ այն կարեւոր դերակատարության համար, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: