Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ

 
Հունիս 30, 2017
 
 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Աֆղանստանում եւ տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման Հայաստանի մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաեւ առաջարկել որոշակի լուծումներ՝ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակում։

Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաեւ գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձեւաչափի վերաբերյալ։

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպական Միության ռազմական օղակների միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպում է ունեցել մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։


 վերադառնալ