ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի

 
Փետրվար 28, 2017
 
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Դաշինքի գլխավոր քարտուղարն այդ մասին ասել է փետրվարի 27-ին Բրյուսելում՝ հանդես գալով Հայաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Մենք քննարկել ենք ԼՂ հակամարտությունը: Ես մտահոգված եմ շարունակվող բռնությամբ շփման գծում: Կարեւոր է խուսափել իրավիճակի լարումից, քանի որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք քաջալերում ենք Հայաստանին եւ Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղանին եւ աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: ՆԱՏՕ-ն ամբողջապես սատարում է Մինսկի խմբի գործընթացին», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի գործընկերությունը «լավ է երկու կողմերի համար»: Դաշինքի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Աֆղանստանի եւ Կոսովոյի խաղաղապահ առաքելություններին շարունակական աջակցության համար: «Հայկական զորքերը օգնում են կայունություն ապահովել այդ երկրներին եւ մենք շատ շնորհակալ ենք ձեր ներդրման համար, որն օգնում է եվրաատլանտյան տարածքն ավելի անվտանգ դարձնել», - ասել է Յենս Ստոլտենբերգը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ/IPAP), որը հարմարեցված կլինի Հայաստանի կարիքներին եւ պահանջներին: Յենս Ստոլտենբերգը նկատել է, որ ուժերի փոխհամատեղելիության, պաշտպանական բարեփոխումների եւ պաշտպանական կրթության ոլորտում ավելի սերտ համագործակցության հնարավորություններ է տեսնում:


 վերադառնալ