Նախարար. ՆԱՏՕ-ի հետ ՀՀ հարաբերությունները երբեք ուղղված չեն լինի Ռուսաստանի դեմ

 
Փետրվար 22, 2017
 
 

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները «երբեք ուղղված չեն լինի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության շահերի դեմ»:

«ՆԱՏՕ-ն իրականացնում է ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղարար գործողությունների մի ամբողջ շարք: Հայաստանի համար շատ կարեւոր եւ օգտակար է նման բազմազգ խաղաղարար գործողություններին առնչվող գիտելիքներ եւ փորձ ձեռք բերելը:

Դա, մի կողմից, մեզ կօգնի ձեւավորել սեփական խաղաղարար ունակություններ, ունենալ զորակազմ, որն անցել է մարտական պատրաստություն տարբեր իրական պայմաններում եւ, միաժամանակ, ձեւավորել միջազգային խաղաղասիրության առավել լիարժեք պատկեր եւ ընկալում, այդ թվում` հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա հակամարտությունները: Հետեւաբար, կարծում եմ, այստեղ գաղտնիքներ եւ անակնկալներ ոչ ոքի համար չպետք է լինեն:

Բացի այդ, մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերության անհատական ծրագիր: Այն ուղղված է առաջին հերթին զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության զարգացմանը, այն բաղադրիչի ամրապնդմանը, որը հիմնված է կառավարման խորհրդարանական ձեւերի վրա` ինչպես ՆԱՏՕ-ի շատ անդամ երկրներում: Մենք իրականացնում ենք նախագծերի մի ամբողջ շարք, որոնք նպաստում են մեր զինված ուժերի ամրապնդմանը, եւ ես համոզված եմ, որ մեր գործընկերների շահերին դրանք ոչ մի կերպ չեն վնասի»,- ասել է նախարարը Ռիա նովոստիի հետ հարցազրույցում:


 վերադառնալ