Դեկտեմբեր 07, 2016

ՀՀ-ն կշարունակի մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին:

Այս մասին նախարարը հայտարարել է Բրյուսելում՝ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանը մտահոգիչ է համարել Թալիբանի գործունեության եւ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները:

«Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար: Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից»,- հայտարարել է ԱԳ նախարարը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը հանձնառություն է ստանձնել իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման միասնական ջանքերում:

«Դրա վկայությունն է անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում եւ Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին»,- նկատել է Էդվարդ Նալբանդյանը: