Նոյեմբեր 14, 2016

Կանայք ՀՀ զինված ուժերում. առկա իրավիճակն ու խնդիրները

 

 «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ-2016» միջոցառումների շրջանակում Երեւանում այսօր տեղի է ունեցել «Կանայք զինված ուժերում» թեմայով աշխատանքային քննարկում, որի ընթացքում խոսվել է ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավվածության աստիճանի ու հնարավորությունների, ինչպես նաեւ առկա հիմնախնդիրների մասին:

Քննարկմանը ներկայացվել են «ՀՀ պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ապահովման ուղեցույց»-ի շրջանակում կատարված աշխատանքները, միջազգային լավագույն փորձն ու քաղաքացիական հասարակության մոտեցումները:

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը նշել է, որ ՀՀ ԶՈՒ-ում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ առակ մոտեցումները հիմնականում ձեւավորվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ վերջին երեք-չորս տարիներին իրականացվող համագործակցության շրջանակում:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանըˋ Ալիկ Ավետիսյանը նշել է, որ որպես ՀՀ ՊՆ միջազգային պարտավորությունˋ կանանց իրավունքների պաշտպանության հարցերը, մասնավորապեսˋ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի N1325 բանաձեւի կիրառումը տեղ է գտել Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության ծրագրում:

N1325 բանաձեւը կարեւորում է կանանց դերը կոնֆլիկտների կարգավորման գործում: Այն կոչ է անում բարձրացնել կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում, զինված հակամարտության ժամանակ ուշադրություն հրավիրել կանանց եւ աղջիկների հատուկ կարիքների վրա, ինչպես նաեւ հաշվի առնել գենդերային ասպեկտը վերականգնողական գործընթացներում եւ հետկոնֆլիկտային շրջանում:

ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը նկատել է, որ վերոնշյալ բանաձեւը մեծ հետաքրքրություն է առաջացրել ՄԱԿ-ի անդամ երկրների շրջանում՝ միաժամանակ նկատելով, որ մեր հարեւան երկրները չեն միացել նախաձեռնությանն ու առանձնապես հետաքրքրված չեն խնդրով:

«Այս առումով մենք ունենք որոշակի մտահոգություններ, քանի որ նման պայմաններում, երբ կան կողմեր, որոնք ներգրավված չեն բանաձեւի աշխատանքներում, անհնար կլինի իրականացնել հակամարտության խաղաղ կարգավորում»,- նշել է Վահրամ Կաժոյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում արդեն իսկ կատարված աշխատանքներին, որոնք համահունչ են ՄԱԿ-ի այս բանաձեւի պահանջներին, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետը թվարկել է մինչ օրս ընդունված մի շարք որոշումներ ու ռազմավարական ծրագրեր, որոնք օժանդակել են բանաձեւի ներդրմանը:

«Կարեւորագույն փաստաթուղթը, իհարկե, «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքն է»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշել է, որ զինված ուժերում կանանց դերն ընդգծելու եւ կարեւորելու հարցում բավական մեծ աշխատանք է տարվել, սակայն անելիքներ դեռեւս շատ կան:

«Այս երեք տարվա ընթացքում մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպիսի պատկերացում կա մեր հասարակության շրջանում զինված ուժերում կանանց ներգրավվածության վերաբերյալ, ինչի հիման վրա էլ սկսեցինք թիրախավորված աշխատանքը պաշտպանության նախարարության հետˋ իրականացնելով մի շարք վերապատրաստման աշխատանքներ»,- ասել է Գարիկ Հայրապետյանը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն էլ նկատել է, որ զինված ուժերում կանանց դերն ու նշանակությունը երկար տարիներ անտեսվել է, սակայն ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն այն գիտակցում եւ ճանաչում են:

«Կանայք կարեւոր դեր ունեն խաղաղության ձեռք բերման, պահպանման ու հակամարտության կարգավորման գործում: Շատ կարեւոր է, որ ՀՀ ԶՈՒ-ում եւս չանտեսվի այն տաղանդը, որն ունեն կանայք: Աշխարհում չկա որեւէ զինված ուժ, որն անտեսի այդ դերը, մենք եւս պետք է մեծ հնարավորություն տանք կանանց խոսքի ու դերի տարածմանը»,- ասել է Ուիլյամ Լահյուն:

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանը նշել է, որ գործող օրենսդրությամբ Հայաստանում պայմանագրային հիմունքով զինվորական ծառայության կարող են անցնել 18-40 տարեկան կանայք, որոնք կարող են ծառայել ավագ, կրտսեր եւ միջին սպայական խմբերի պաշտոններում, իսկ հրամանատարական խմբի պաշտոններ, այսինքնˋ կապիտանից գնդապետ, կարող են զբաղեցնել միայն բժշկական համակարգում զինվորական ծառայություն անցած կանայք:

«Նշված հրամանի համաձայնˋ զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք, մեծամասամբ չեն կարող ներգրավված լինել որոշումներ ընդունելու ոլորտում»,- նշել է Նարինե Կարապետյանն ու հավելել, որ զինված ուժերում կանանց իրավահավասարությանը խանգարող հիմնական խնդիրը հայկական մտածողությունն է:

ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը տեղեկացրել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակալավրիատի բաժնում աղջիկները հնարավորություն ունեն կամավոր ընտրել առաջարկվող 5 մասնագիտությունից յուրաքանչյուրը, իսկ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի 12 մասնագիտությունիցˋ 7-ը:

Ներկայում նշված ուսումնական հաստատություններում սովորում է 30-ից ավելի աղջիկ: Աղջիկների ընդունելությունը ՀՀ ռազմական բուհերում մեկնարկել է 2014-2015 ուսումնական տարվանից, եւ Սուրեն Դավթյանի փոխանցմամբ՝ դիմորդների աճ է նկատվում:

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաեւ Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ-դեսպան Մարիեթ Շուրմանի տեսաուղերձը: