Աֆղանստանում ՀՀ ուժերի դերը կարեւոր է, ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան

 
Նոյեմբեր 14, 2016
 
 

Քաղաքական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմս Ապաթուրայն ասել է, որ «Մազարի Շարիֆի (Աֆղանստան) վերջին դեպքերը ցույց տվեցին, թե որքան կարեւոր է հայկական ուժերի դերը»:

Ջեյմս Ապաթուրայը, որը նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, այդ մասին ասել է տեսաուղերձում, որը տարածվել է նոյեմբերի 14-ին Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի Շաբաթվա» կապակցությամբ:



«ՆԱՏՕ-ն եւ Հայաստանն ունեն շատ հուսալի, կայուն եւ նշանակալի գործընկերություն, որի մասին, կարծում եմ, Հայաստանում կամ նույնիսկ այստեղ՝ ՆԱՏՕ-ում, մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն: Մենք միշտ չէ, որ պարտադիր կերպով գովազդում ենք այն, ինչ անում ենք, սակայն քաղաքական եւ գործնական տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր ունեցած երկարատեւ գործընկերությունը չափազանց հուսալի է»,- ասել է Ջեյմս Ապաթուրայը:

«Մեր գործընկերության առավել ակնհայտ տարրերից է այն ներդրումը, որը Հայաստանը կատարում է մեր խաղաղապահ գործողություններում Աֆղանստանում եւ Կոսովոյում: Մազարի Շարիֆի դեպքերը ցույց տվեցին, թե որքան կարեւոր է հայկական ուժերի դերը: Մենք շատ շնորհակալ ենք այդ աջակցության համար, այդ թվում `վերջին միջադեպերի ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ՆԱՏՕ-ի անունից:

Մենք, ըստ էության, շատ բան ենք արել միասին: Եվ անելիքներից մեկն էլ մեր փոխգործունակության ընդլայնումն է, որը ձեռք է բերվում ոչ միայն գործողությունների, այլեւ այն ծրագրի միջոցով, որը մենք անվանում ենք «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»: Այն օգնում է մեր զորքերին աշխատել միասին, եւ այժմ Հայաստանը շարժվում է դեպի փոխգործունակության ավելի բարձր մակարդակ»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

«Մենք շատ բան ենք արել նաեւ ոչ ռազմական ոլորտում ՝ ռազմական կրթություն, ծրագրեր, որոնք օգնում են պայքարել կոռուպցիայի դեմ: Սա իրական առաջնահերթություն է ՀՀ կառավարության եւ մասնավորապես՝ պաշտպանության նախարարության համար: Դրանում մեզ վստահեցրել է [ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ] Դավիթ Տոնոյանը, որը հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությանը, ինչպես նաեւ ամբողջ կառավարությունը շատ լուրջ է տրամադրված այս ուղղությամբ»,- ասել է Ջեյմս Ապաթուրայը:

«Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը ոմանք անվանում են բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Մենք հարգում ենք դա, հասկանում եւ որեւէ խնդիր չենք տեսնում: Մենք հավատում ենք, որ ՆԱՏՕ-Հայաստան գործընկերությունը որեւէ կերպ չի վնասում Հայաստանի մյուս՝ երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններին: Մեզ գոհացնում է մեր գործընկերության ներկայիս մակարդակը, եւ մենք ակնկալում ենք խորացնել այն»,- նշել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:


 վերադառնալ