Հուլիս 11, 2016

Հայ խաղաղապահները կմնան Աֆղանստանում, ասել է ՀՀ նախագահը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շարունակելու է իր մասնակցությունը բերել Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը:

ՀՀ նախագահն այդ մասին ասել է Վարշավայում՝ Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ձեւաչափով հանդիպմանը:

«Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչեւ 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում եւ պատրաստ ենք շարունակելու նաեւ 2016 թվականից հետո: Այս կապակցությամբ պետք է հատուկ ընդգծեմ Գերմանիայի հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որը ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն եւ ուսանելի օրինակներից է:

Պատրաստակամություն ենք հայտնել նաեւ մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տեւական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին», - ասել է Հայաստանի ղեկավարը: