Մայիս 31, 2016

Վարշավյան գագաթնաժողովը կլինի որոշիչ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 30-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ եւ քննարկել ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկայանա Վարշավայում այս տարվա հուլիսի 8-9-ը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքերով, գագաթնաժողովը տեղի կունենա շատ որոշիչ ժամանակաշրջանում, երբ ՆԱՏՕ-ն առերեսվում է անվտանգության ոլորտի լրջագույն մարտահրավերներին:

Յենս Ստոլտենբերգի խոսքերով, վարշավյան գագաթնաժողովը կդառնա որոշիչ մի շարք փոփոխությունների տեսանկյունից:  Այդ գագաթնաժողովի շրջանակներում Դաշինքը որոշումներ կընդունի իր զսպման եւ պաշտպանական քաղաքականության հետ կապված եւ կնախանշի իր սահմաններից դուրս կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը:   

«Մենք համաձայնել ենք ամրապնդել մեր ներկայությունը Դաշինքի արեւելյան հատվածում: Սա կլինի բազմազգ ներկայություն՝ ռոտացիոն սկզբունքով: Ներկայում մենք քննարկում ենք մեր ներկայության թվաքանակի եւ տեղակայման հարցերը, որոնց մասով որոշումներ կընդունվեն մինչ վարշավյան գագաթնաժողովը: Թույլ տվեք հստակեցնել՝ Վարշավայի գագաթնաժողովից հետո Լեհաստանում կլինեն ՆԱՏՕ-ի` ավելի մեծաքանակ զորքեր: Սա հստակ ուղերձ կլինի առ այն, որ հարձակումը Լեհաստանի վրա կդիտարկվի որպես հարձակում Դաշինքի վրա»,- Լեհաստանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Յենս Ստոլտենբերգը:  

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն միջոցներ կձեռնարկի նաեւ իր սահմաններից դուրս կայունության ամրապնդման համար՝ այս նպատակով օժանդակելով Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային, Իրաքին, Հորդանանին եւ Թունիսին:

«Մենք կօգնենք նրանց ամրապնդել պաշտպանական հաստատությունները եւ վերապատրաստել ուժերը՝ իրենց երկրների անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը:

Յենս Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ վարշավյան գագաթնաժողովում կքննարկվեն նաեւ Դաշինքի եւ իր գործընկերների միջեւ համագործակցության հարցեր: