Ապրիլ 21, 2016

ՆԱՏՕ-ում կայացել է Դավիթ Տոնոյանի եւ Ալեքսանդր Վերշբոուի հանդիպումը

 

Ապրիլի 21-ին աշխատանքային այցով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելած ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ:

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիայի մանրամասները՝ մասնավորապես նախապես պլանավորված նախահարձակ գործողությունները և այդ ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներն ապացուցող հիմնավորումները:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ռազմական ուժի կիրառմամբ: Վերահաստատվել է, որ համայն հայությունը մոբիլիզացված է և բոլոր միջոցներով կպաշտպանի այդ իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր:

Դեսպան Վերշբոուն, բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս մակարդակը, հույս է հայտնել, որ այն կշարունակի պահպանել զարգացման դինամիկան:

Ապրիլի 22-ին Դավիթ Տոնոյանը կմասնակցի Հայաստան-ՆԱՏՕ «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի քննարկմանը: