Հայաստանում էր ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը

 
Ապրիլ 21, 2016
 
 

Ապրիլի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև ամենամյա Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում Երևանում էր գտնվում Հյուսիսատլանտյան դաշինքի Բրունսումի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը:

Այցի նպատակը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարաշտաբային դասընթացի ունկնդիրների համար օպերատիվ պլանավորման գործընթացի վերաբերյալ դասընթացի անցկացումն էր:

Միջոցառման ընթացքում ՀՀ զինված ուժերի օպերատիվ-մարտավարական օղակի ապագա հրամանատարներին և շտաբային սպաներին ներկայացվեցին դասախոսություններ օպերատիվ միջավայրի համակողմանի վերլուծության և նախապատրաստման, իրավիճակի գնահատման, մարտական առաջադրանքի պարզաբանման, գործողության մտահղացման մշակման և օպերացիաների ուրվագծման և պլանավորման գործընթացների այլ փուլերի վերաբերյալ:

Դասընթացի ավարտին ունկնդիրներին շնորհվեցին հավաստագրեր:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օպերատիվ պլանավորման գործընթացը հանդիսանում է ռազմական և մարտական գործողությունների վարման ձևերի ու եղանակների ավելի լայն հասկացության բաղադրիչներից մեկը, որը «Խելամիտ պաշտպանության» համակարգի ձևավորման շրջանակներում ենթարկվում է վերափոխման՝ այդ թվում նաև միջազգային խորհրդատվության ներգրավմամբ:


 վերադառնալ