Երեւանում կայացել է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման հանձնաժողովի նիստը
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2015թ. փաստաթղթերի գնահատման նպատակով 2016թ. փետրվարի 29-ից մարտի 3-ը Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության պատվիրակությունը:
Այցի շրջանակներում` մարտի 2-ին, տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի 2015թ. գնահատման նախնական արդյունքները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշը նշեց, որ Հայաստանը Դաշինքի կարևոր գործընկերն է, և ՆԱՏՕ-ի անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանին` Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին մասնակցության համար: Երկուստեք նշվեց այն առաջընթացը, որն արձանագրվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին:
Տեղեկանք. Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման, «Գիտություն հանուն խաղաղության», Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Սերտ համագործակցություն է ընթանում նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում: