Մարտ 03, 2016

ՆԱՏՕ-ին տպավորել է միջազգային անվտանգության ապահովման գործում ՀՀ ներդրումը

 

ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասխանատու Շտեֆան Էլգերսման այսօր հայտարարել է, որ Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության հաստատման գործում շատ տպավորիչ է:

Շտեֆան Էլգերսման այս մասին հայտարարել է Երեւանում կայացած «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. Հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ:

«Մենք բարձր ենք գնահատում ՆԱՏՕ-ի հովանու ներքո միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի երկարատեւ մասնակցությունը եւ այն շարունակելու հանձնառությունը: Չնայած այս տարածաշրջանում անվտանգության առկա սպառնալիքներին՝ Հայաստանը շարունակում է իր նպաստը բերել նաեւ միջազգային անվտանգությանը, եւ սա շատ տպավորիչ է»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ դաշինքում բավարարված են Հայաստանի հետ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող հարաբերություններով եւ բարձր են գնահատում զինված ուժերում ժողովրդավարացման, պաշտպանության ոլորտում կանանց դերի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Խոսելով ՆԱՏՕ-ի եւ իր գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների ապագայի մասին՝  Շտեֆան Էլգերսման նշել է, որ այս տեսանկյունից ՆԱՏՕ-ն շարունակելու է հավատարիմ մնալ երկու կարեւոր  սկզբունքների:

«Առաջինը՝ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի եւ իր մյուս բոլոր գործընկերների ընտրությունը եւ անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն ձեւաչափերին: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին ամբողջությամբ համատեղելի է ՆԱՏՕ-Հայաստան գործընկերության եւ ԱԳԳԾ-ի նպատակների հետ:

Երկրորդ՝ ՆԱՏՕ-ն հարգում է տարածաշրջանում իր գործընկերների հավակնությունները: Վրաստանը, օրինակ, ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին: Մենք հարաբերություններ են զարգացնում Ադրբեջանի հետ եւս, բայց միեւնույն ժամանակ ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ ավելի սերտ աշխատել պաշտպանության բարեփոխումների, կիբերանվտանգության եւ մի շարք այլ ուղղություններով»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանից ակնկալում է ավելի ակտիվ եւ ստեղծարար գաղափարներ՝ կապերի խորացման համար:

Շտեֆան Էլգերսման նկատել է, որ 2014-ից հետո անվտանգության գլոբալ միջավայրում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ, եւ ի հայտ են եկել նոր մարտահրավերներ: Ըստ նրա՝ այդ փոփոխությունները կարտացոլվեն նաեւ ՆԱՏՕ-ի եւ Հարավային Կովկասում իր գործընկերների միջեւ հարաբերություններում:

Խոսելով այս տարվա հուլիսին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին՝ դաշինքի ներկայացուցիչը նկատել է, որ օրակարգում լինելու են Արեւելքում եւ Հարավում առկա մարտահրավերները:

Արեւելքի մարտահրավերներին անդրադառնալիս Շտեֆան Էլգերսման առանձնացրել է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում գրանցված հետընթացը:

«Մեզ անհանգստացնում է հարեւան երկրների ինքնիշխանության հանդեպ Ռուսաստանի կողմից հարգանքի բացակայությունը: Մենք ուշադիր հետեւում ենք այս միտումներին եւ ամրապնդում ենք անդամ երկրների հավաքական պաշտպանությունը, հատկապես՝ դաշինքի արեւելյան սահմաններում»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է բաց պահել Ռուսաստանի հետ երկխոսության դռները: 

Խոսելով Մերձավոր Արեւելքում իրավիճակի մասին՝ Շտեֆան Էլգերսման խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն հստակ դեղատոմսեր չունի այդ տարածաշրջանից բխող սպառնալիքների հաղթահարման համար:

«Մենք հասկանում ենք, որ Սիրիայում ճգնաժամն անդրադարձել է նաեւ Հայաստանի վրա, քանի որ այդ երկրում հայկական համայնք կա: Հասկանում ենք նաեւ, թե Հայաստանի համար ինչ է նշանակում թուրք-ռուսական հարաբերությունների լարվածությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: