ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիշատակել է Հայաստանն իր տարեկան զեկույցում

 
Հունվար 29, 2016
 
 

Հայաստանը խորացնում է գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի եւ համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով:

Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցում

Զեկույցում ասվում է, որ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության բարելավման ծրագիրը (DEEP) բարեփոխումների շարժիչ ուժն է Դաշինքի գործընկեր երկրներում:

«Ներկայում ՆԱՏՕ-ն, ավելի քան 350 փորձագետների, ինչպես նաեւ անդամ ու գործընկեր երկրների 70 ռազմական կրթական հաստատությունների ներգրավվմամբ,   անհատական ծրագրեր է իրականացնում 12 երկրներում: Յուրաքանչյուր երկրի պահանջներով պայմանավորված՝  DEEP ծրագիրը հարթակ է ՝ միավորելու փորձագիտական խորհրդատվություն տրամադրողներին եւ պաշտպանության ոլորտի կրթական հաստատություններին այն երկրներում, որոնք փորձում են փոխգործակցելի դառնալ ՆԱՏՕ-ի հետ»,- ասված է զեկույցում:

«Պաշտպանական կրթության բարելավման ծրագիրը նպաստում է նաեւ երկրների կարողությունների զարգացմանը: Այս ծրագրի շրջանակներում, սերբ զինծառայողները խորհրդատվություն են տրամադրում իրենց հայ գործընկերներին՝ ռազմական եւ ակադեմիական կրթությունը համատեղելու վերաբերյալ», - ասված է փաստաթղթում:

Զեկույցում նշվում է, որ ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների համագործակցության շրջանակներում ծրագրեր են իրականացվել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի ուղղությամբ, որը վերաբերում է խաղաղության եւ անվտանգության կառուցման գործում կանանց առավել մեծ ներգրավվածության ապահովմանը:

«Որոշ գործընկեր պետություններ, ինչպես Հայաստանն ու Մոլդովան, հետաքրքրություն են դրսեւորել ընդունել Գործողությունների ազգային պլան ԱԽ 1325 բանաձեւի իրականացման համար: Հայաստանն աշխատում է խորացնել գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես լավագույն փորձի փոխանակման եւ համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով, որոնք միտված են բարելավելու գենդերային հավասարության վերաբերյալ ուսումնասիրությունը»,- ասված է զեկույցում:


 վերադառնալ