Սեպտեմբեր 06, 2012

ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ը մրցակիցներ չեն, համակարծիք են ՀՀ նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «ՆԱՏՕ-ն եւ ՀԱՊԿ-ը մրցակից դաշինքներ չեն»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ՀՀ նախագահն ասել է Երեւանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգությանն ապահովող համակարգի բաղկացուցիչ մասն է: Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ-ին, ապա Սերժ Սարգսյանը նշել է, որ «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն օգտակար է Հայաստանի համար եւ բխում է մեր երկրի շահերից»:

Անդերս Ֆոգ Ռասմուսենը, իր հերթին, ասել է, որ որեւէ հակասություն չկա, մի կողմից, Ռուսաստանի, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ: Նա ասել է, որ «վերջին տարիներին մենք հասել ենք մեծ առաջընթացի Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ շարունակում ենք բարձր մակարդակի երկխոսությունը՝ համագործակցելով բազմաթիվ ոլորտներում»: