Հայաստանը կշարունակի մասնակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելություններին

 
Դեկտեմբեր 03, 2015
 
 

Հայաստանը շարունակելու է օժանդակել Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին:

Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ ‎Նալբանդյանը դեկտեմբերի 1-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ելույթ ունենալով Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ անվտանգության սպառնալիքները ոչ միայն Աֆղանստանում, այլեւ աշխարհի այլ վայրերում բացահայտ ցույց են տալիս, որ առաքելությունը չի սահմանափակվում միայն որոշակի աշխարհագրական տարածաշրջանով:

«Խոսքը գնում է գլոբալ մարտահրավերի մասին, որը պահանջում է միասնական համաձայնեցված արձագանք: Այս ըմբռնումով էր, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ Հայաստանն սկսեց իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում՝ սկսելով Կոսովոյից եւ ապա շարունակելով Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում, Մալիում»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նա հայտարարել է, որ հայկական զորախումբը 2016թ. ներկայիս մակարդակով կշարունակի իր միջազգային հանձնառությունը «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: 

«Մենք պատրաստ ենք մասնակցել ապագա «Տեւական գործընկերություն» առաքելության մեջ, երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Մենք նաեւ կշարունակենք մեր աջակցությունը Աֆղանստանում ներքին ընդգրկուն խաղաղության ապահովման գործընթացին, բարիդրացիական հարաբերությունների խթանմանը, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային համագործակցությանը»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։


 վերադառնալ