Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 2-ին որոշում են կայացրել հրավիրել Չեռնոգորիային՝ դառնալու Հյուսիսատլանտյան Դաշինքի 29-րդ անդամը:
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ որոշումն անվանել է «պատմական»: «Այսօր լավ օր է Չեռնոգորիայի, արևմտյան Բալկանների և Դաշինքի համար»,- ասել է նա:
Գլխավոր քարտուղարի խոսքերով, այս որոշումն ամբողջացնում է ազատ և խաղաղ Եվրոպա ունենալու տեսլականը և ազդարարում է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր անդամների համար:
ՆԱՏՕ-ն և Չեռնոգորիան աշխատում էին Անդամակցության գործողությունների ծրագրի շրջանակներում 2009 թ.-ից: Այս ծրագիրն օգնում է երկրներին պատրաստվել ապագայում ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը:
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ այժմ կարեւոր է, որպեսզի Չեռնոգորիան շարունակի բարեփոխումները պաշտպանության ոլորտում: Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Դաշինքը շարունակելու է մշտադիտարկել այս ոլորտում Չեռնոգրիայի առաջընթացը:
Չեռնոգորիայի անդամակցության բանակցությունների մեկնարկը կտրվի է 2016 թ.-ի սկզբին: Երբ բանակցություններն ավարտվեն, Դաշինքի անդամները կստորագրեն անդամակցության վերաբերյալ արձանագրություն, որն այնուհետ պետք է վավերացվի ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների խորհրդարաններում: