Նոյեմբեր 24, 2015

Հայաստանը շարունակելու է իր մասնակցությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը

 

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում:

Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում տիրող անվտանգային իրավիճակի, խնդրահարույց հարցերի և առաջիկա անելիքների վերաբերյալ: 

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգության մարտահրավերներին, Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է նույն ծավալներով շարունակելու իր մասնակցությունը «Վճռական աջակցությանը»՝ մինչև առաքելության ավարտը:

Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ միջազգային կոալիցիայի գործուն աջակցության շնորհիվ առաջիկայում Աֆղանստանում կարձանագրվեն տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նոր ձեռքբերումներ: