Նոյեմբեր 10, 2015

Գուիդո Հիլդներ. ՆԱՏՕ-գործընկերներ հարաբերություններն առավել կարեւոր են, քան երբեւէ

 

ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդներն Երեւանում ասել է, որ դաշինքի հարաբերությունները գործընկեր երկրների հետ ներկայում առավել կարեւոր են, քան երբեւէ:

Այս մասին Գուիդո Հիլդներն ասել է՝ ելույթ ունենալով «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ եւ հեռանկարներ» համաժողովի ժամանակ: 

«ՆԱՏՕ-ն այժմ ստիպված է արձագանքել մի շարք ճգնաժամերի եւ սպառնալիքների տարբեր տարածաշրջաններում: Անվտանգության փոփոխվող միջավայրը ՆԱՏՕ-ից պահանջում է նոր մոտեցումներ Եվրաատլանտյան անվտանգության ապահովման տեսանկյունից: Վարշավայի առաջիկա գագաթաժողովը կվերահաստատի, որ ՆԱՏՕ-ն հավաքական անվտանգության եւ պաշտպանության ապահովման տեսանկյունից ամենահզոր ռազմական դաշինքն է եւ մնալու է այդպիսին»,- նկատել է Գուիդո Հիլդները: 

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի համար սա նշանակում է, որ գործընկերներն այժմ առավել կարեւոր են, քան երբեւէ: 

«Գործընկերությունը պետք է երկկողմ ճանապարհ լինի՝ հիմնված փոխադարձ պահանջների եւ հետաքրքրությունների վրա»,- ասել է գերմանացի դիվանագետը: 
ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի ներկայացուցիչ Ստեֆեն Էլգերսման իր ելույթում նշել է, որ չնայած Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական հարաբերությունների դրական ընթացքին՝ դաշինքի հետ երկխոսությունում «որոշակի դինամիզմ է պակասել»:

Նա մատնանշել է, որ, մասնավորապես, վերջին շրջանում պակասել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններն ու հանդիպումները: 

«Ինձ վերջերս հարցրին՝ որո՞նք են ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունում առկա կարմիր գծերը: Ես կարմիր գծեր չեմ տեսնում: Սա գործընկերություն է, որի ղեկին կանգնած է Հայաստանը: Նա է սահմանում համագործակցության նպատակները, արագությունը, ուղղությունը»,- ասել է Ստեֆեն Էլգերսման:

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքով՝ դաշինքում ցանկանում են Հայաստանի հետ քաղաքական երկխոսության ակտիվացում տեսնել: