Նոյեմբեր 10, 2015

Հայաստանը ՆԱՏՕ-ից տարբերակված մոտեցում է ակնկալում

 

Հայաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այսուհետ կհիմնվի տարբերակված եւ հասցեագրված մոտեցման վրա:

Այս մասին Երեւանում «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ եւ հեռանկարներ» թեմայով համաժողովի բացման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արա Մեսրոբյանը: 

ՊՆ ներկայացուցիչը նկատել է, որ ՆԱՏՕ-ն իր տարեկան գագաթաժողովի հռչակագրերում պետք է զերծ մնա հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների մասին ընդհանրացված մոտեցումներից: 

«Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը չտվեց բոլոր հարցերի պատասխանները: Հույս ունենք, որ 2016թ. Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կհստակեցվի դաշինքի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ: Ժամանակն է, որպեսզի մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի քաղաքականությունն ավելի հասցեական լինի»,- ասել է Արա Մեսրոբյանը:

Նա հորդորել է դաշինքին իր հռչակագրերի տեքստում եւ ընդհանրապես զերծ մնալ տարածաշրջանային հակամարտությունների մասին հիշատակումից կամ սահմանափակվել հակամարտության կողմերին բանակցությունների միջոցով խնդիրները լուծելու կոչերով: 

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ 2012-ից ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասում իրականացվող տարածաշրջանային ծրագրերը մատնվել են անհաջողության Ադրբեջանի ապակառուցողական եւ հայատյաց քաղաքականության հետեւանքով, իսկ դաշինքի կողմից տարբերակված մոտեցման արտահայտումը թույլ կտա կյանքի կոչել մի շարք ծրագրեր եւ կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը: 

«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ոչ թե քաղաքական նկրտումներ են հետապնդում, այլ միտված են մեր երկրի անվտանգության միջավայրի բարելավմանը: 21-րդ դարում անվտանգության մասին խոսելիս չի կարելի առաջնորդվել քարացած մոտեցումներով»,- ամփոփել է Արա Մեսրոբյանը: