Խաղաղապահները բաց դաս անցկացրին թիվ 189 դպրոցում

 
Նոյեմբեր 06, 2015
 
 

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի զինծառայողներ, փոխգնդապետ Սամվել Սարգսյանը եւ ավագ լեյտենանտ Սուրեն Մելիքյանն այսօր բաց դաս են անցկացրել Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի աշակերտների համար:

Սամվել Սարգսյանը ներկայացրել է ՀՀ խաղաղապահ գործունեության պատմությունը, առաքելությունների մանրամասները, նաեւ իր անձնական տպավորությունները Աֆղանստանում եւ Կոսովոյում անցկացված առաքելությունների վերաբերյալ: 

Փոխգնդապետ Սարգսյանը նշեց, որ Աֆղանստանում գերմանացի զինվորականների հետ համագործակցելը դյուրին է, քանզի նրանք ճշտապահ եւ գերկազմակերպված են: Նույնքան հեշտ է փոխգործակցությունը ամերիկացիների հետ Կոսովոյում, քանզի նրանք շատ պարզ են ու սրտաբաց եւ փորձում են անմիջապես լուծում տալ առաջացած ցանկացած խնդրի, նկատեց նա:

Իսկ Սուրեն Մելիքյանը պատմեց տեղացի բնակչության հետ շփվելու յուրահատկությունների եւ առաքելությունների ընթացքում հանդիպող խնդիրների մասին: Նա շեշտեց, որ ամենուրեք հայ խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը հարգալից է:Բաց դասի ընթացքում էլեկտրոնային գրատախտակին ցուցադրվեցին հայ խաղաղապահների առաքելությունները պատկերող լուսանկարներ: 

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում հայ խաղաղապահները Մեծ Բրիտանիայի դեսպանի ուղեկցությամբ այցելել էին Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց:
Ինչպես եւ նախորդ տարի, բաց դասը կազմակերպվել էր Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ:


 վերադառնալ