ՀՀ-ՆԱՏՕ կապերն առանձնահատուկ են, ասել է Ուիլյամ Լահյուն

 
Նոյեմբեր 03, 2015
 
 

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն այսօր կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները՝ դրանք որոշ իմաստով համարելով առանձնահատուկ:

Այս մասին Ուիլյամ Լահյուն ասել է այսօր՝ ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում հանդիպելով լրագրողների հետ:

«Հայաստանը ՀԱՊԿ միակ անդամ երկիրն է, որը մասնակցում է ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային խաղաղապահ առաքելություններին: Սա վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ն հարգում է իր գործընկերների ինքնիշխան որոշումները»,- ասել է Ուիլյամ Լահյուն:

Դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության կարեւորագույն նպատակներից է օժանդակել խաղաղության եւ անվտանգության հաստատմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ մյուս տարածաշրջաններում:

«Հայաստանը լիարժեք օգտվում է գործընկերների համար նախատեսված բոլոր այն գործիքներից, որոնք առաջարկում է ՆԱՏՕ-ն: Հայ խաղաղապահ ուժերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններում այս համագործակցության փայլուն օրինակն է»,- ասել է Ուիլյամ Լահյուն:

Նա հիշեցրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության կարեւոր բաղադրիչներից է Հայաստանի մասնակցությունը դաշինքի «Բարեվարքության կառուցման» (Building Integrity) հայեցակարգին, որը մշակվել է զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի եւ ծախսերի արդյունավետության բարձրացման նպատակով:

Բացի այդ, անցյալ տարի ՆԱՏՕ-ն առաջարկել է Հայաստանին մասնակցել մասնագիտական վերապատրաստման ծրագրին (Professional Development Programme):
Այս շաբաթ ՆԱՏՕ-ն Երեւանում կազմակերպում է առաջնորդության դասընթացներ անվտանգության եւ պաշտպանության գերատեսչությունների քաղաքացիական մասնագետների համար: Այս շաբաթ առաջին անգամ ՆԱՏՕ-ն նաեւ Հայաստանում կանցկացվի կիբերանվտանգության հարցերին նվիրված սեմինար:

«Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում մենք մտադիր ենք ոչ միայն պահպանել ձեռք բերածը, այլեւ փնտրում ենք համագործակցության նոր ոլորտներ: Երբ խոսում ենք ՆԱՏՕ-ի եւ գործընկերների հարաբերությունների մասին, կարեւոր է հիշել, որ հենց գործընկեր երկրներն են որոշում իրենց մասնակցության չափը»,- նկատել է Ուիլյամ Լահյուն:
 


 վերադառնալ