Նոյեմբեր 02, 2015

Երեւանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը

 

Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ այսօր Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը:

Ցուցահանդեսը բացվել է Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում: Այն կազմակերպել են Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը՝ ՆԱՏՕ Հանրային դիվանագիտության վարչության եւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՆԱՏՕ-ի, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպաններ եւ դեսպանությունների աշխատակիցներ:

«Շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են մեր զինծառայողները հանդես գալիս միջազգային խաղաղապահ գործողություններում: Լուսանկարները ներկայացնում են մեր խաղաղապահներին թե՛ ծառայության եւ վարժանքների ժամանակ, թե՛ իրենց ազատ ժամանակը տնօրինելիս»,- ցուցահանդեսի բացմանն ասել է ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արա  Թադեւոսյանը:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը նշել է, որ հայ խաղաղապահների ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համագործակցության կարեւոր բաղադրիչներից է:

«Միջազգային անվտանգությունը եւ շարունակաբար ի հայտ եկող ճգնաժամերը մշտապես պահանջում են բոլորի ներգրավվածությունը: Այս տեսանկյունից Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին միշտ բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի եւ մեր միջազգային գործընկերների կողմից»,- ասել է Սամվել Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է զարգացնել իր խաղաղապահ կարողությունները:

«Հայաստանի նման գործընկերների հետ աշխատանքը ՆԱՏՕ-ի կարեւորագույն նպատակներից է՝ Եվրատլանտյան տարածքում կայունություն եւ անվտանգություն ապահովելու տեսանկյունից: Մենք հպարտ ենք աշխատել Հայաստանի նման երկրի հետ: Հայ խաղաղապահներն աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մշտապես նշում են, որ շատ հպարտ են աշխատել նրանց հետ»,- ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյուն:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 6-ը: