Հայաստանում կկայանա 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը

 
Հոկտեմբեր 30, 2015
 
 

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-6-ը  Հայաստանում անցկացվելու է հերթական՝ թվով 9-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը: 

ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների մեկնարկը կտրվի նոյեմբերի 2-ին, ժ. 11:00-ին Երևանի պետական համալսարանի գրադարանում լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ՝ նվիրված Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին հայ խաղաղապահների մասնակցությանը:

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԱԳՆ շենքում կկայանա Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում նոյեմբերի 4-ին տեղի կունենա «Կիբեր անվտանգության իրազեկում» թեմայով աշխատաժողով՝ կիբեր անվտանգության ոլորտի փորձագետների համար:

Նոյեմբերի 4-ից 6-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում կկայանա հանրային սեկտորում գործադիր առաջնորդությանը նվիրված աշխատաժողով, իսկ նոյեմբերի 5-ին տեղի կունենա ՀՀ Պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդի գրասենյակի համատեղ աշխատաժողովը` նվիրված ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի իրականացմանը:

Նոյեմբերի 6-ին Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի կունենա հանդիպում Համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:


 վերադառնալ