ՆԱՏՕ-ն դատապարտել է Թուրքիայի սահմանի խախտումը ռուսական օդանավի կողմից

 
Հոկտեմբեր 06, 2015
 
 

Հյուսիսատլանտյան խորհուրդը նախօրեին հանդիպում է հրավիրել՝ քննարկելու վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության կողմից Սիրիայում եւ այդ երկրի շուրջ իրականացվող ռազմական գործողությունների հնարավոր հետեւանքները: 

Դաշնակից երկրները խոր մտահոգություն են հայտնել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացմամբ, եւ մասնավորապես Համա, Հոմս եւ Իդլիբ քաղաքներում ռուսական օդուժի կողմից իրականացված օդային հարվածների կապակցությամբ: 

ՆԱՏՕ-ի անդամ երկրները կոչ են արել ՌԴ-ին անմիջապես դադարեցնել հարվածները սիրիական ընդդիմության եւ քաղաքացիական անձանց նկատմամբ, եւ կենտրոնացնել պայքարը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: 

«Ռուսաստանի ռազմական գործողություններն ավելի վտանգավոր բնույթ են սկսել կրել հատկապես հոկտեմբերի 3-ին եւ 4-ին ռուսական ՍՈՒ-30 եւ ՍՈՒ-24 օդանավերի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու դեպքերից հետո: Չնայած թուրքական իշխանությունների հստակ եւ կրկնակի զգուշացումներին՝ ռուսական օդանավը մուտք է գործել Թուրքիայի օդային տարածք: ՆԱՏՕ-ում կիրառվող պրակտիկայի համաձայն, թուրքական կործանիչ օդանավերը վերահսկել են խախտում թույլ տված օդանավին, որից հետո այն լքել է Թուրքիայի տարածքը»,- ասված է Հյուսիսատլանտյան խորհրդի հայտարարության մեջ: 

ՆԱՏՕ-ի անդամ երկրները խստորեն դատապարտել են Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի օդային տարածքը խախտելու այս գործողությունները՝ նկատելով դրանց խիստ վտանգավոր բնույթը: Նրանք կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել եւ շտապ բացատրություն տրամադրել այս գործողությունների վերաբերյալ:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ նման խախտումներն ապագայում թույլ չտալու համար: Դաշինքի համերաշխությունն ու միասնականությունն անխախտ է: Մենք շարունակելու ենք խիստ ուշադրությամբ հետեւել ՆԱՏՕ-ի հարավարեւելյան սահմաններում տիրող զարգացումներին»,- ասված է հայտարարության մեջ: 


 վերադառնալ