Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

 
Հունիս 26, 2015
 
 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական Աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների ձեւաչափով հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների նախարարները քննարկել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության առաջընթացը, քաղաքական եւ անվտանգության իրավիճակը: Որոշում է կայացվել մինչեւ 2016թ. մայիսի 1-ը առաքելության երկրորդ փուլին անցնելու վերաբերյալ, որի համաձայն՝ նախատեսվում է ՆԱՏՕ-ի ներկայությունը սահմանափակել միայն մայրաքաղաք Քաբուլի շրջանակում:

Սեյրան Օհանյանը վերահաստատել է մինչեւ առաքելության ավարտը 131-հոգանոց զորախմբի սահմաններում Աֆղանստանում ռազմակայանների անվտանգության ապահովում իրականացնող հայկական զորախմբի մասնակցության վերաբերյալ Հայաստանի հանձնառությունը:

Այցի ծրագրի շրջանակում պաշտպանության նախարարը մասնակցել է նաեւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հյուսիսային հրամանատարության շրջանակային երկրի՝ Գերմանիայի նախաձեռնած նախարարների խորհրդակցությանը:

Սեյրան Օհանյանը Վրաստանի նորանշանակ պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշվիլիի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հեռանկարները:


 վերադառնալ