Հունիս 11, 2015

ՀՀ-ն «մոդելային երկիր» է ՆԱՏՕ-ի համար, ասել է Գերմանիայի դեսպանը

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն այսօր ասել է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տեսանկյունից Հայաստանը «մոդելային երկիր» է:

Այս մասին դեսպանն ասել է Երեւանում կայացած «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն նոր մարտահրավերների համատեքստում» գիտաժողովում:

Դեսպանի խոսքով՝ Հայաստանի պարագայում ստեղծվել է «յուրահատուկ իրավիճակ», երբ երկիրը, լինելով ՀԱՊԿ-ի հավատարիմ դաշնակից, միաժամանակ ընդունում է ՆԱՏՕ-ի մեկնած ձեռքը:

ՆԱՏՕ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը իր հերթին ասել է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի «ակտիվ գործընկերն» է եւ քաղաքական երկխոսություն է վարում ամենաբարձր մակարդակով:

Նա նաեւ բարձր է գնահատել Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելություններին Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաեւ պաշտպանական բարեփոխումների ընթացքը։

Գիտաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին:

«Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելյան հատված ներխուժումը կտրուկ փոխեցին քաղաքական հարաբերությունները եվրոպական մայրցամաքում՝ ստեղծելով վստահության լուրջ ճգնաժամ, եւ այսօր մենք չգիտենք՝ ինչպես հաղթահարել այն»,- ասել է Գերմանիայի դեսպանը՝ կարեւորելով ստեղծված ճգնաժամի շուտափույթ հաղթահարումը: