Սեպտեմբեր 12, 2012

Հայաստանը չի նախատեսում 2013թ. կրճատել իր խաղաղապահների քանակը Աֆղանստանում

 

Հայաստանը պլանավորում է 2013 թվականի ընթացքում շարունակել նույն կազմով ուժեր տրամադրել Աֆղանստանում իրականացվող գործողություններին:

Այդ մասին այսօր ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդունելով Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ISAF գործողության կազմում Գերմանիայի զինված ուժերի հետ համագործակցությունը:

«Հայ զինծառայողներն արդեն երկու եւ կես տարի է հաջողությամբ պատասխանատվության իրենց մասն են կրում Աֆղանստանում՝ Գերմանիայի եւ այլ երկրների զինծառայողների հետ համատեղ: Այդ հաջողության բանաձեւը հիմնված է հայ-գերմանական ջերմ եւ բարեկամական հարաբերությունների վրա»,- ընդգծել է նախարարը:

Ռայներ Գլացը բարձր է գնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին՝ ընդգծելով, որ հայ զինծառայողները «շատ վստահելի, հուսալի եւ պրոֆեսիոնալ են»:

Սեպտեմբերի 11-ին գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: