Մարիեթ Շուրման

Մարիեթ Շուրման 

Ապրիլ 03, 2015

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Մարիեթ Շուրմանը հանդիպել է հայ լրագրողների հետ

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կանանց, խաղաղության եւ անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Մարիեթ Շուրմանն այսօր ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հանդիպել է հայ լրագրողների հետ:

Հանդիպման ընթացքում Մարիեթ Շուրմանն ասել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որի նպատակն է պատկերացում կազմել  խաղաղության եւ անվտանգության կառուցման գործում կանանց ներգրավածության  ապահովման տեսանկյունից Հայաստանի կուտակած փորձի եւ առկա մարտահրավերների մասին:


Նա ասել է, որ Հայաստանում կանանց եւ տղամարդկանց միջեւ իրավահավասարության ապահովմանն ջանքերը տպավորիչ են:


«Ես տպավորված եմ, թե ինչպես են Հայաստանում փորձում ապահովել կանանց եւ տղամարդկանց հավասարությունը թե՛ քաղաքական, թե՛ կառավարչական, թե քաղաքացիական  հասարակության մակարդակներում : Ուրախ էի տեսնել այս հարցում ընդգրկված բոլոր շահագրգիռ կառույցների միջեւ առկա համագործակցությունը եւ բանավեճն այն  հարցի շուրջ, թե  ինչպե՞ս կարելի է ապահովել կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը, հատկապես խաղաղության եւ անվտանգության ապահովման հարցերում»,- այսօր Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ասել է Մարիեթ Շուրմանը:


«Երբ խոսում ենք հակամարտությունների կանխարգելման եւ կարգավորման մասին, կանայք եւ տղամարդիկ պետք է հավասար մասնակցություն ունենան: Անհնար է կառուցել խաղաղություն՝ առանց հաշվի առնելու բնակչության կեսի կարծիքը»,- նկատել է Մարիեթ Շուրմանը: 


Այս հարցերի շուրջ հատուկ ներկայացուցիչը հանդիպումներ է անցկացրել ՀՀ ԱԳՆ-ում, Պաշտպանության նախարարությունում, զրուցել քաղաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:


Մարիեթ Շուրմանը տպավորված էր հատկապես ՀՀ ՊՆ-ի կին աշխատակիցների եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի երիտասարկ աղջիկ կուրսանտների հետ անցկացրած հանդիպումներից:


 «Չափազանց տպավորված եմ այդ կանանց հետ ունեցած հանդիպումներով: Նրանք ամբողջությամբ նվիրված են խաղաղության եւ անվտանգության կառուցմանը թե՛ Հայաստանում, թե՛ գլոբալ մակարդակով: Մենք պետք է ապահովենք բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի այդ կանայք կարողանան ամբողջությամբ իրագործել իրենց ներուժը»,- նշել է Մարիեթ Շուրմանը: