Հայաստանում են ՆԱՏՕ-ի փորձագետները

Հայաստանում են ՆԱՏՕ-ի փորձագետները 

Մարտ 03, 2015

Հայաստանում են ՆԱՏՕ-ի փորձագետները

 

Մարտի 2-ից 4-ը ժամանակահատվածում հերթական ամենամյա այցով Երևանում է գտնվում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը:

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած այցը նպատակաուղղված է ԱԳԳԾ և ՊՎԳ ծրագրերով Հայաստանի և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունների վերստուգմանը, համագործակցության և օժանդակության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ բերմանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մասով ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը քննարկվել է աշխատանքային խմբերի միջև լիագումար հանդիպումների և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ մտքերի ամփոփիչ փոխանակման տեսքով:

Քննարկումների ժամանակ ուսումնասիրվել են ԱԳԳԾ և ՊՎԳ նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի պաշտպանական գերատեսչության կատարած աշխատանքները:

Հատկապես ուշադրություն է դարձվել ռազմակրթական ու անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների, փոխգործունակության ամրապնդման և միջազգային խաղաղապահության շրջանակների ընդլայնման, ինչպես նաև պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կանանց դերակատարման բարձրացման ուղղությամբ պաշտպանության նախարարության գործադրած ջանքերին: